ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Տաթև զանգակատան «հրեշտակը» ճամփորդում է

Տաթև զանգակատան «հրեշտակը» ճամփորդում է
14.12.2012 | 16:14

Տաթևի վանական համալիրի ամբողջական վերանորոգումը, նախնական հաշվարկներով, ծրագրված է ավարտել 2017-ին: Սակայն մասնագետներն ահազանգում են, որ Տաթևի վանքի զանգակատան քիվատակի հրեշտակի պատկերով ութ քարերից մեկը գտնվում է Երևանում:

Զանգակատան հրեշտակի պատմությունը, ըստ վերականգնող ճարտարապետ ՍՏԵՓԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ, այսպիսին է: Տաթևի վանքի զանգակատան վերականգնման նախագիծը 1987 -1988 թթ. իրականացրել են Տաթևի վերականգնման նախագծի հեղինակներ, «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի» խորհրդի անդամներ, ճարտարապետներ Ամիրան Բադիշյանը, Սամվել Այվազյանը և այլք: Նախագիծն արժանացել է բարձր գնահատականի, 1988-ին Մոսկվայում կայացած միջազգային մրցույթում` առաջին կարգի դիպլոմի: Զանգակատան քիվատակի հրեշտակի պատկերով ութ քարերից մեկը չի չգտնվել: Ավելի ուշ պարզվել է, որ մինչ նախագծային աշխատանքները անհայտ մարդիկ այն գողացել են և հանձնել Գորիսի երկրագիտական թանգարանին: Տեղահանված «հրեշտակը» դեռ էլի ճանապարհ ուներ անցնելու. այն ընդգրկվել է ցուցադրության նպատակով Երևան տեղափոխվող «փրկվող» քարերի ցուցակում: Հարց է առաջանում՝ ի՞նչ է լինելու, երբ սկսվի զանգակատան վերանորոգումը:
Ստեփան Նալբանդյանը հավելեց նաև, որ զանգակատունը կառուցել է Խրիմյան Հայրիկը` 1896-1906 թթ: «Իսկ այն անգրագետ ցուցանակներում գրված է, որ Օրբելյաններն են կառուցել` 13-րդ դարում: Մենք բազմիցս Տաթևի վանքի ցուցանակներում տեղ գտած սխալների մասին գրել և տեղեկացրել ենք: Մինչ այսօր բանի տեղ դնող չկա»,- ասաց նա: Հավելենք, որ այդ թեմայով Տաթևի վերականգնման նախագծի հեղինակ Ամիրան Բադիշյանը 2011-ին «Ճարտարապետություն և շինարարություն» մասնագիտական ամսագրում հոդված էր հրապարակել: «Եթե վերանորոգման հերթը հասնի զանգակատանը, քարը պետք է անպայման վերադարձվի և տեղադրվի: Երկրորդ տարբերակ չի կարող լինել»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Բադիշյանը:
Հետաքրքրվեցի` դիմելո՞ւ են պատմության թանգարանի տնօրենությանը՝ հրեշտակի պատկերով ութ քարերից մեկը վերադարձնելու պահանջով: Պարզվեց` ցուցադրության հեղինակները խոստացել են, որ երբ զանգակատունը վերանորոգվի, քարը կվերադարձնեն: Սակայն Ա. Բադիշյանն ընդգծեց, որ խոստումը բանավոր է, լավ կլիներ, որ ամրագրվեր համապատասխան օրենսդրական ակտով, ինչը պետք է կցվի ժամանակավոր ցուցադրության որոշմանը: Վերականգնող ճարտարապետը նշեց նաև, որ միայն Տաթևի վանքի մասին ենք խոսում, բայց օրինակները շատ են: «Իսկ երբ ասում են՝ հուշարձանները Երևան են բերվել ամրացնելու, վերանորոգելու նպատակով, դրանով միայն ուզում են արդարացնել տեղահանելու փաստը»,- ասաց նա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 8235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ